Հուլիսի 4-ին` «Մելանոմայի օրերը Հայաստանում» առողջապահական լայնածավալ արշավի շրջանակներում Արտաշատի բժշկական կենտրոնում հյուրընկալեցինք ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ բարձրորակ մասնագետներին և մեր մաշկաբան Ruzan Safaryan, Հայաստանի միակ մաշկային վիրաբույժ դոկտոր Արշակ Շահվերդյանը, զննեցին և ախտորոշեցին մի շարք չարորակ և բարորակ նորագոյացություններ։ Արդյունքում պլանավորվեցին հայտնաբերված նորագոյացությունների վիրահատական միջամտություններ։
Համատեղ ուժերով Արտաշատի բժշկական կենտրոնի տարածքում իրականացվեցին անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ և մաշկաբանական խորհրդատվություններ մեր քաղաքի և հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Այս կարևոր միջոցառման հիմնական նպատակն էր մաշկային չարորակ հիվանդությունների, հատկապես մելանոմայի վաղ հայտնաբերումը և բնակչության իրազեկվածության բարձրացումը։
Նմանատիպ բուժօգնության կազմակերպումը և մասնագիտական զննումների հասանելիությունը չափազանց կարևոր են մեր համաքաղաքացիների առողջության պահպանման համար։ Մաշկային քաղցկեղները, թեև վտանգավոր են, սակայն դրանց վաղ ախտորոշումը և ժամանակին մեկնարկած բուժումը որոշիչ նշանակություն ունեն լիարժեք ապաքինման և կյանքի փրկության համար։
Հետազոտություններն իրականացվեցին ժամանակակից դերմատոսկոպիկ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մանրամասն զննել մաշկային գոյացությունները և վաղ փուլում հայտնաբերել պոտենցիալ վտանգավոր փոփոխությունները՝ նույնիսկ մինչ դրանց տեսանելի դառնալը անզեն աչքով։
Մեծ թվով քաղաքացիներ ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին՝ օգտվելով մեր կենտրոնում տրամադրված անվճար մասնագիտական ծառայությունից։ Մենք ուրախ ենք տեսնել մեր բնակիչների պատասխանատու մոտեցումը սեփական առողջության նկատմամբ։
Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի բժիշկներին և ղեկավարությանը՝ մեր կենտրոն այցելելու, բարձրորակ մասնագիտական օգնություն ցուցաբերելու և արդյունավետ համագործակցության համար։